30/10/2020 22:29
ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններն Արցախ այցելելու հրավերներ են ուղարկել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին
Մարդասիրական առաքելության համար Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ղեկավարներին ուղարկել են Արցախ այցի հրավեր:
Համատեղ հրավերում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել անձամբ ուղեկցել նրանց Ստեփանակերտ և Շուշի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ տեղում կազմակերպել նրանց մարդասիրական առաքելությունը՝ իրավասու մարմիններին հետ սերտ համակարգմամբ երաշխավորելով նրանց անվտանգությունն ու այցի բացառապես մարդասիրական բնույթը։
Հրավերի նպատակն է Հայաստանում ներկայացված միջազգային բոլոր գործընկերներին ցույց տալ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները խաղաղ բնակչության նկատմամբ, խաղաղ բնակավայրերում նրանց կատարած զանգվածային ավերածությունները, արգելված զինատեսակների կիրառության ապացույցները և այլն։
«Այս այցով պետք է ապացուցել, որ որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի: Միջազգային սկզբունքը ոչ թե գեղեցիկ արտահայտություն է, այլ իրական կյանքում իրական մարդկանց պաշտպանելու համար ստեղծված գաղափար», - ասված է համատեղ հրավերի տեքստում: