30/10/2020 17:01
ԼՂ հակամարտությանը Մոսկվայի միջամտության հարցը պետք է մի քանի տրամաբանության մեջ նայել. Փաշինյան
ԼՂ հակամարտությանը Մոսկվայի միջամտության հարցը պետք է մի քանի տրամաբանության մեջ նայել, մի քանի միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կա Մոսկվա, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և կա Մոսկվա, որը Հայաստանի ռազմավարական գործընկերն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Մոսկվան միջնորդ է և պետք է գործի բալանսավորման տրամաբանության մեջ, ինչը հասկանալի է», - ասել է նա։
Փաշինյանը կրկին հայտարարել է, որ ինքը կողմ է հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը:
«Բայց խնդիրն այն է, որ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի համար: Ըստ էության՝ Հայաստանի և Ղարաբաղի համար դա ընդունելի է, և դա կարող է տեղի ունենալ այն պարագայում, ինչպես ռուսաստանցի գործընկերներն են ասել, եթե Ադրբեջանը նույնպես դրան կողմ լինի: Եվ ընդհանրապես ցանկացած խաղաղապահ կարող է տեղակայվել կողմերի համաձայնության պարագայում», - ասել է վարչապետը։
Ինչ վերաբերում է Հայաստանի ռազմավարական գործընկեր Մոսկվային, ՀՀ վարչապետն ընդգծել է՝ Ռուսաստանի մեր գործընկերներն ասել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրական սպառնալիքի դեպքում իրենք իրենց դաշնակցային պարտավորությունները, այդ թվում՝ ռազմական, կկատարեն: