30/10/2020 16:53
Վիեննայի անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում, հետո թող հանկարծ չասեն՝ չզգուշացրեցինք. ՀՀ վարչապետ
Մենք աշխատում ենք մեր հույսը մեզ վրա դնել և այն երկրների, որոնք ունեն դաշնակցային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանը նույնպես ունի, եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների՝ The Telegraph-ի (Մեծ Բրիտանիա), European Post-ի (Բրյուսել), Foreign Policy-ի (ԱՄՆ), Tageblatt-ի (Ավստրիա) և Il Gеornale-ի (Իտալիա) հարցերին պատասխանելիս ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, թե ի՞նչ է ակնկալում ԵՄ-ից՝ իմանալով, որ ԵՄ որոշ երկրներ արգելափակում են Թուրքիայի նկատմամբ այլ թեմաներով սանկցիաները, վարչապետը պատասխանել է.
«Այն, ինչ ես ասում եմ, Եվրամիությունը մեզ համար պետք է չանի, Եվրամիությունն ինքն իր համար պետք է անի: Ցանկանում է անել՝ թող անի, չի ցանկանում անել՝ թող չանի: Ես պետք է մտածեմ Երևանի, Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության մասին, Վիեննայի անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում, հետո թող հանկարծ չասեն՝ չզգուշացրեցինք: Եթե վերջին տարիներին ընդհանրապես տեսնում եք, թե ինչ է կատարվում Եվրոպայում, այս պատերազմը Եվրոպայում շուտ է սկսել: Եվ ամեն օր ընթանում է: Եթե Դուք չեք նկատում այդ պատերազմը, եթե այնտեղ, ասենք, հեռահար հրետանի չի աշխատում, դա դեռ չի նշանակում, որ այդ պատերազմը չի սկսվել:
Այդ պատերազմը տեղի է ունենում: Այլ բան, որ կան ուժեր, որոնք գիտեն հետևյալը՝ Եվրոպան արդեն մոտավորապես 60 և ավելի տարի ապրում է բարեկեցության մեջ, և այդ բարեկեցությունը թույլ չի տալիս նկատել այն պատերազմը, որ այսօր տեղի է ունենում Եվրոպայում: Որովհետև քանի դեռ ռումբերը չեն պայթել՝ բակերում, տներում, բարեկեցիկ մարդը հակված է ավելի շատ wishfull thinking տրամաբանությամբ առաջնորդվել, և դա շատ լայն դաշտ է բացում շատ ուժերի համար»։