29/10/2020 23:28
Օ'Բրայանը զանգահարել է Փաշինյանին՝ կողմերին հորդորելով պահպանել Ղարաբաղում հրադադարի ռեժիմը
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը հայտնել է, որ զանգահարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կոչ արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը:
«Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կրկին նշել եմ, որ Ադրբեջանը և Հայաստանը պետք է կատարեն հրադադարի իրենց պարտավորությունները: Երկու երկրների ժողովուրդները մեծ կորուստներ են կրել, ընդ որում՝ Հայաստանի ժողովուրդը, որը բախվել է ռազմական հարձակողական գործողությունների, այժմ իր վրա է կրում կորուստների հիմնական ծանրությունը», - ասված է Օ'Բրայանի հայտարարության մեջ:
«Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք բոլոր արտաքին ուժերին կոչ ենք անում զերծ մնալ միջամտությունից և միանալ ԱՄՆ-ին՝ ձգտելով կողմերին վերադարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունների», - հավելել է Օ'Բրայանը: