30/10/2020 09:40
«Իրատես». Թեժ մարտերի ֆոնին «ցավոտ փոխզիջումը» ո՞րն է
«Իրատես» թերթը գրում է. «Պատերազմը նաև նյարդերի կռիվ է. ում նյարդերը պինդ եղան, նա էլ հաջողության կհասնի։ Շատ էական է, որ «սառը» գլխով որոշումներ կայացվեն: Թևաթափ լինելն ու անտեղի ոգևորությունը նորմալ են հանրության դեպքում, բայց խիստ հակացուցված՝ իշխանության պարագայում։ Արդեն մի քանի անգամ պաշտպանության նախարարությունը քարտեզով հստակ ներկայացնում է, թե ինչ տարածքներ են անցել Ադրբեջանի հսկողության տակ ու, ցավոք, նախորդի համեմատ հաջորդն ավելի տխրեցնող է։ Հանրության մի մասը կարող է չհասկանալ, թե թշնամու մտադրություններն ու ախորժակը ուր են հասել, բայց իշխանությունը գիտակցում է, չէ՞։
Այս համատեքստում, երբ հանրային օրակարգ է նետվում «ցավոտ փոխզիջում» բառակապակցությունը, դա հստակեցման խիստ մեծ կարիք ունի։ Եթե նախկինում մշտապես Ադրբեջանը պահանջում էր 5+2 շրջան, հիմա քարտեզը լրիվ այլ բան է ասում։ Ու այսօր իշխանությունը պիտի ձևակերպված ներկայացնի նախ իր հանրությանը, հետո նաև դրսին, թե որն է «ցավոտ» փոխզիջումը, դա որ շրջանների հանձնումն է ենթադրում։
Շարունակվող պատերազմի համատեքստում այդ քարտեզի վրա գուցե փոփոխություններ լինեն, սակայն բարձրագույն իշխանության շուրթերից հնչած այս հայտարարությունը դառնալու է սեղանին դրված մեծ հարց, որը վաղ թե ուշ իր պատասխանն է պահանջելու։ Կռվի ժամանակ, երբ բոլոր դիվանագիտական ուղիները փակված ես համարում, փոխզիջումների մասին խոսելու իմաստը ո՞րն է։
Չխոսելով այս հայտարարության այլ շերտերի մասին, կարևոր է, որ փոխզիջման առումով հստակ ձևակերպված տեսակետ ունենա իշխանությունը։ Եթե հիպոթետիկ առումով պատկերացնենք, որ վաղը զինադադար է հաստատվում, և կողմերը նստում են բանակցությունների սեղանի շուրջ, առաջին հարցը հայկական կողմին լինելու է այն, թե ո՞րն է մեր «ցավոտ փոխզիջումը»։ Այս հարցը, ի դեպ, հայ հանրությանն ամենից շատ է հետաքրքրում»։