30/10/2020 13:56
Միացյալ Թագավորության ներկայացուցիչը կարևորել է կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին:
Գրիգորյանը ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը երեք անգամ կոպտագույն կերպով խախտել է հումանիտար հրադադարի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ ձեռքբերված պայմանավորվածությունները։
ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով, մասնավորապես՝ պարբերաբար քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծմամբ ու հրթիռակոծմամբ:
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա Թուրքիայի բացասաբար աճող ներգրավվածությանը, տարածաշրջանը ահաբեկչական կազմավորումների ներկայությամբ ապակայունացնելու և հրադադարի ռեժիմը չպահպանելուն ուղղված Թուրքիայի սադրիչ քաղաքականությանը՝ Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ այն սպառնալիք է ոչ միայն Արցախի ժողովրդի գոյութենական լինելիությանը, այլև տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգությանը։
Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին կարևորել է կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը: