30/10/2020 17:15
Կորոնավիրուսի կեղծ դրական պատասխաններ տալու երևույթը բացառելու նպատակով անհրաժեշտ է սահմանել առավել խիստ հսկողություն. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախաձեռնությամբ կազմակերպվել է աշխատանքային հանդիպում բժշկական այն հաստատությունների ներկայացուցիչների հետ, որտեղ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հայտնաբերման նպատակով իրականացվում են նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ:
ԱԱԾ-ից հայտնում են, որ աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Սմբատյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Վ. Պետրոսյանը, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Վանյանը և պաշտոնատար այլ անձինք:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Վ. Պետրոսյանն իր շնորհակալական խոսքն է հղել բուժաշխատողներին՝ ռազմական դրության և համավարակի տարածման պայմաններում կազմակերպվող աշխատանքի համար, ինչպես նաև անդրադարձ է կատարել հատկապես զորակոչային տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսի ախտորոշման հետազոտությունների պատշաճ և օրինական իրականացմանը՝ ընդգծելով, որ կեղծ դրական պատասխաններ տալու երևույթը բացառելու նպատակով անհրաժեշտ է սահմանել առավել խիստ հսկողություն, հետևողականորեն վերահսկել ենթակա անձնակազմի գործունեությունը:
Հանդիպման ընթացքում նախանշվել է նաև այն իրողությունը, որ Ազգային անվտանգության մարմինները տիրապետում են օպերատիվ իրավիճակին և նման օրինախախտումների վերաբերյալ տվյալներ ստացվելու դեպքում պարտադիր կերպով բացահայտվելու են հանցավոր գործընթացի բոլոր մասնակիցները և պատասխանատվության են ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ՝ ասվածին հավելելով այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների և անգամ հանրային հնչեղություն ունեցող նմանատիպ դեպքի վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությունների մանրամասները:
Աշխատանքային հանդիպման ավարտին ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև համապատասխան բժշկական հաստատությունների ներկայացուցիչները պայմանավորվել են կազմակերպել համագործակցված աշխատանք՝ քննարկված օրակարգային հարցի շրջանակներում հնարավոր թերացումներից, բացթողումներից և իրավախախտումներից զերծ մնալու նպատակով: