31/10/2020 12:40
Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին՝ այդ թվում հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997 թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագիրը, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
Նշվում է, որ պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են հատուկ գործողություններ զինված հարձակման սպառնալիքի կամ միմյանց տարածքի դեմ ագրեսիայի գործողության դեպքում:
Ի պատասպան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին ուղարկած նամակի ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ պայմանագրին համապատասխան, Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:
«Կրկին կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության կողմերին հաստատել անհապաղ հրադադար, լիցքաթափել լարվածությունը և վերադառնալ առարկայական բանակցություններին՝ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում: