31/10/2020 22:12
Հարավային և հարավարևելյան առանձին օջախներում մեր ԶՈՒ-երը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել առաջխաղացում. Հովհաննիսյան
Այսօր ամբողջ օրը՝ վաղ առավոտից, Ադրբեջանի ԶՈՒ-երը ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները: Մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն որոշ ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակողական գործողություններ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մասնավորապես, կենտրոնական ուղղությամբ՝ մեկ-երկու դիրքի վրա նետելով մեծաքանակ հետևակ և զրահատեխնիկա, օգտագործելով հրետանին՝ ընդ որում միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը՝ Ադրբեջանի ԶՈՒ-երին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխութուններ:
Դրան հակառակ՝ հարավային և հարավարևելյան առանձին օջախներում մեր զորքերը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել առաջխաղացում:
Ընդհանուր առմամբ, մարտերը հիմա էլ շարունակվում են: Դրանք մեծ ինտենսիվություն չունեն, սակայն զորատեսակային և զինատեսակային առումով կիրառվում են բավականին շատ զենքեր և զինատեսակներ», - ասաց բանախոսը: