31/10/2020 01:30
Երևանն ու Բաքուն պայմանավորվել են չթիրախավորել խաղաղ բնակչությանը, փոխանակվել ռազմագերիների ցուցակով և դուրս բերել զոհվածների մարմինները ռազմաճակատից
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ Ժնևում տեղի ունեցած հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ։ Նրանք նշել են, որ հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նրանք նաև խորհրդակցություն են անցկացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի հետ:
Համանախագահները ևս մեկ անգամ կոչ են արել կողմերին ամբողջությամբ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, ներառյալ մարդասիրական նպատակներով հրադադարի անհապաղ հաստատումը՝ համաձայն հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարության, որը կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 17-ին Փարիզում և հոկտեմբերի 25-ը Վաշինգտոնում:
Հրադադարի ռեժիմի կամ այլ պարտավորությունների կատարմանը վնաս չհասցնելով՝ կողմերը պայմանավորվել են ձեռնարկել մի շարք հրատապ քայլեր, այդ թվում.
Կողմերը կանխամտածված չեն թիրախավորելու խաղաղ բնակչությանը կամ ոչ ռազմական թիրախները՝ համաձայն միջազգային մարդասիրական օրենսդրության
Կողմերն ակտիվորեն մասնակցելու են ռազմաճակատում աճյունների դուրսբերմանը և փոխանակմանը՝ ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին տրամադրելով աջակցության համար անհրաժեշտ անվտանգության երաշխիքները
Մեկ շաբաթվա ընթացքում կողմերը ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին կտրամադրեն ներկայումս անազատության մեջ գտնվող ռազմագերիների ցուցակը` հասանելիության և հնարավոր փոխանակման համար
Կողմերը գրավոր ներկայացնելու են մեկնաբանություններ և հարցեր՝ կապված հրադադարի ռեժիմի հաստատման հնարավոր վերիֆիկացիոն մեխանիզմների հետ, համաձայն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետի
Կողմերը մտքերի բաց և առարկայական փոխանակություն են անցկացրել՝ նպատակ ունենալով հստակեցնել իրենց բանակցային դիրքերը համապարփակ լուծման առանցքային տարրերի վերաբերյալ՝ համաձայն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետի:
Համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատել կողմերի հետ` հակամարտության խաղաղ լուծումը գտնելու համար: