31/10/2020 09:41
«Հրապարակ». Ինչ է անում ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը Արցախում
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը, ով հոկտեմբերի 8-ին՝ պատերազմն սկսվելուց հետո, անհայտ հանգամանքներում ազատվեց պաշտոնից, «գործուղվել» է Արցախ։
Մի քանի օր առաջ նրան տեսել են Արցախում՝ ԱԱԾ համազգեստով, գնդապետի ուսադիրներով և համազգեստի վրա համապատասխան տարբերանշաններով։ Հոկտեմբերի 25-ին Արցախ մեկնած «Ժառանգություն» կուսակցության պատվիրակությունը, որը հանդիպել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, Քյարամյանին տեսել է շտաբում՝ Արայիկ Հարությունյանի կողքին։
«Ժառանգության» ղեկավար Նարինե Դիլբարյանը մեզ հետ զրույցում հաստատեց այդ փաստը, որ՝ այո, Արգիշտի Քյարամյանը շտաբում էր, Սեյրան Օհանյանի հետ, սակայն թե ինչ առաքելությամբ է նա Արցախում, իրեն հայտնի չէ։ Մենք ԱԱԾ-ից փորձեցինք ճշտել, թե Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ-ում տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո որևէ այլ պաշտոն զբաղեցնո՞ւմ է ծառայությունում։ Մեզ պաշտոնապես պատասխանեցին, որ չի զբաղեցնում։
Կապվեցինք նաև Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի հետ՝ հարցնելով, թե ինչ առաքելությամբ է Քյարամյանն Արցախում։ Պողոսյանն ասաց, որ տեղյակ չէ։ Հիշեցնենք, որ Քյարամյանը, ըստ որոշ տեղեկությունների, այն պաշտոնյաների ցանկում էր, ում նշանակումը ժամանակին տարակուսանք էր առաջացրել ՌԴ իշխանությունների մոտ»։