02/11/2020 22:16
Մարտունիից հարավ թշնամուն հաջողվել է մեկ-երկու դիրք վերցնել, սակայն բոլոր ուղղություններով հարձակողական գործողությունները տապալված են. Արծրուն Հովհաննիսյան
Անցնող ողջ գիշերվա ընթացքում Արցախի հյուսիս-արևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձեր, մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Բոլոր փորձերը տապալվել են, ինչպես արդեն պաշտոնապես հայտարարել ենք, մեկ վաշտ, մեկ դասակ և այլ ուժերի կազմով նախաձեռնած հարձակումները տապալվել, հետ են մղվել, որոշ ստորաբաժանումներ մնալով ծուղակում՝ մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են», - ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ վաղ առավոտյան՝ ժամը 7-ից սկսած, սահմանագոտու այլ հատվածներում, հյուսիսում՝ Մարտակերտի ուղղությամբ, կենտրոնական հատվածում՝ Մարտունիի ուղղությամբ, հարավային հատվածում տարբեր ուղղություններով հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկվել հակառակորդի կողմից։
«Այսօրվա հարձակումներն իրենց ուժգնությամբ որոշակիորեն տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից։ Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել, նույնիսկ՝ հետապնդման հնարավորությունով։ Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ։ Սակայն, Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք՝ Մարտունիից հարավ՝ Ճարտարի ուղղությամբ։ Այս պահին հարձակողական բոլոր գործողությունները տապալված են», - տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այս պահին մարտերը շարունակվում են։