02/11/2020 12:20
2020-ին սպասվում էր 2.3 տոկոս բյուջեի պակասուրդ, իսկ արդեն համավարակով պայմանավորված՝ սեպտեմբերին սպասվում է 6.1 տոկոս պակասուրդ. ԿԲ նախագահ
2020 թվականին սպասվում էր 2.3 տոկոս բյուջեի պակասուրդ, իսկ արդեն համավարակով պայմանավորված՝ սեպտեմբերին սպասվում է 6.1 տոկոս պակասուրդ, ԱԺ-ում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներին հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Սա չի ներառում ռազմական դրությամբ պայմանավորված փոփոխությունները», - ասաց նա։
Կառավարության 2021 թվականի մակրոտնտեսական կանխատեսումները, ԿԲ նախագահի խոսքով, բավական մոտ են ԿԲ-ի կանխատեսումներին.
«Ըստ դրանց՝ շարունակվելու է համավարակի բացասական ազդեցությունների չեզոքացումը, արտաքին և ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքականության սահուն կոնսոլիդացիայի և դրամավարկային քաղաքականության իրականացումը»։
2021 թվականի համար նախանշվել է ՀՆԱ-ի իրական աճի 4.8 տոկոս մակարդակ։
«Համախառն պահանջարկը ևս կվերականգնվի՝ պայմանավորված թե՛ ներքին սպառողական, թե՛ ներդրումային ծախսերով, ինչպես նաև արտաքին պահանջարկի որոշակի վերականգնմամբ», - ասաց Մարտին Գալստյանը՝ նշելով, որ ներդրումների աճը պայմանավորված կլինի հիմնականում մասնավոր ներդրումներով։
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել են «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները: