03/11/2020 14:04
Բացի ֆորմալ նամակներից, ֆորմալ մեկնաբանություններից՝ գոյություն ունի գործընթաց, որը շատ էական ազդեցություն է ունեցել. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ-ՌԴ աշնակցային հարաբերությունների մասին
Շատ բաներ այսօր բարձրաձայնել ճիշտ չէ: Ես պետք է միայն մեկ բան ասեմ. այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր դաշնակցային հարաբերություններում, ավելի քան բավարար է, և հայկական կողմը լիովին բավարարված է այն ամենով, ինչ այսօր տեղի է ունենում: Դրա համար ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնությանը և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Մեղրու ուղղությամբ հակառակորդի սանձազերծած գործողություններին և դրանց հետևանքով Ռուսաստանին դիմել հայկական կողմի քայլերին:
Անդրադառնալով Երևան-Մոսկվա հնարավոր խորհրդակցություններին՝ Սիմոնյանն ընդգծեց, որ ակնհայտ է, որ բացի ֆորմալ գործողություններից՝ կան մշտական այլ շփումներ ու գործողություններ:
«Միշտ չէ, որ ամեն ինչ միանգամից տեսանելի և շոշափելի է, բայց եթե հետհայացք գցենք, տեսնենք, թե ինչի միջով ենք անցել ու կարողանում ենք պատվով դիմակայել, ակնհայտ կդառնա, որ բացի ֆորմալ նամակներից, ֆորմալ մեկնաբանություններից՝ առաջին օրվանից գոյություն ունի գործընթաց, որը շատ էական ազդեցություն է ունեցել», - ասաց ԱԺ փոխոսնակը: