04/11/2020 00:25
Ադրբեջանը զբաղված է պետական ահաբեկչությամբ և դարձել է Հարավային Կովկասում միջազգային ահաբեկիչների կուտակման կենտրոն. ՀՀ ԱԳՆ
Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից «Սմերչ» կայանքի կասետային ռումբերով վերստին թիրախավորվել են Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես հարվածներ են հասցվել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Կան տուժածներ:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտի բժշկական հաստատությունների շարունակական թիրախավորումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակը՝ առավելագույն զոհեր հասցնել Արցախի քաղաքացիական բնակչությանը, հատկապես առաջնագծից հեռու գտնվող կանանց և երեխաներին:
«Սա պետական ահաբեկչության հերթական դրսևորում է, որն իրականացվում է մի պետության կողմից, որը Թուրքիայի ջանքերով արդեն իսկ դարձել է Հարավային Կովկասում միջազգային ահաբեկիչների և գրոհայինների կուտակման կենտրոն:
Արձանագրում ենք, որ Արցախի ժողովրդի համար ստեղծված գոյութենական վտանգների պայմաններում Արցախի իշխանությունները և Պաշտպանության բանակը ունեն սեփական բնակչությունը պաշտպանելու և թշնամուն հակահարված տալու անքակտելի իրավունք», - ասված է հայտարարության մեջ։