04/11/2020 12:29
Գիշերը Շուշիում բավականին թեժ է եղել. քաղաքացիական օբյեկտները թիրախավորվել են կասետային զինատեսակներով. Արտակ Բեգլարյան
Գիշերը բավականին թեժ է եղել Շուշիում, և քաղաքացիական օբյեկտներն Ադրբեջանի կողմից ինտենսիվ կերպով թիրախավորվել են: Առկա են վիրավորներ և բավականին մեծ ավերածություններ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Այս պահին մանրամասները ճշտվում են: Մարտունի քաղաքը նույնպես թիրախավոված է եղել, առկա են ավերածություններ, բայց, բարեբախտաբար, մարդկային կորուստներ, վիրավորներ չունենք: Մի շարք գյուղական համայնքներ ևս թիրախավորվել են», - ասաց բանախոսը:
Արտակ Բեգլարյանը հիշեցրեց, որ երեկ Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով երկու քաղաքացիական անձ է վիրավորվել:
«Ադրբեջանը շարունակում է դիտավորյալ թիրախավորել քաղաքացիական անձանց և օբյեկտները, չի պահում միջազգային պայմանավորվածությունները: Երեկ թիրախավորվել են նաև Շուշին, Մարտունին և այլ բնակավայրեր, այդ թվում՝ կասետային զինատեսակներով, ինչը միջազգային իրավունքով արգելված զինատեսակ է՝ հատկապես քաղաքացիական օբյեկտների շրջակայքում», - նշեց ՄԻՊ-ը: