04/11/2020 12:50
Արձանագրել ենք 46 զոհված քաղաքացիական անձ և 144 վիրավոր. Արցախի ՄԻՊ
Մեր փաստահավաք առաքելության շրջանակում արձանագրել ենք առնվազն 46 զոհված քաղաքացիական անձ և առնվազն 144 վիրավոր, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Մի շարք այլ դեպքերի մասով ևս տեղեկություններ ունենք, բայց քանի որ այդ տեղանքում մարտական գործողություններ են ընթանում, դեռևս չենք կարողացել պարզել բոլոր հանգամանքները: Ուստի այդ դեպքերը դեռ արձանագրված և հաշվարկված չեն», - ասաց բանախոսը:
Արցախի ՄԻՊ-ը նաև հավելեց, որ իրենց համեստ հաշվարկներով՝ քաղաքացիական օբյեկտների շրջանում ավելի քան 13800 անշարժ մասնավոր գույք է վնասվել՝ բնակարաններ, տներ, ինչպես նաև ավելի քան 3100 ենթակառւցվածք, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
«Վնասվել են էլեկտրամատակարարման կայաններ, կապի և հաղորդակցության, ջրամատակարարման և գազամատակարարման կառույցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, եկեղեցին», - ասաց Բեգլարյանը:
Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 2-ի դրությամբ Արցախում վնասվել է 61 դպրոց և 10 մանկապարտեզ: Սա դպրոցների ընդհանուր քանակի 27-28 տոկոսն է կազմում: Հակառակորդի գործողությունների հետևանքով վնասվել է նաև 2100 մեքենա: