04/11/2020 11:04
Կառավարությունը կողմնակից չէ 2021-ի պետական բյուջեով նախատեսված ծախսերը կրճատելուն. Ատոմ Ջանջուղազյան
Կառավարությունը կողմնակից չէ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերը կրճատելուն: Փորձ է արվելու կատարել քայլեր, որ ծախսերի բաղադրիչը պահպանվի տնտեսական աճը վերականգնելու համար, «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ընդգծեց, որ համավարակային և պատերազմական իրավիճակի պայմաններում ծախսերը պետք է լինեն ավելի խնայողական:
«Եվ դա առաջին հերթին վերաբերում է վարչական ծախսերին, աշխատակազմերին, որտեղ լինում են ծախսեր ինչ-որ միջոցառումների, թանկարժեք գնումների համար», - ասաց նա:
Սամսոնյանը միաժամանակ հետաքրքրվեց՝ նախատեսվում են արդյոք էական կրճատումներ, խնայողություններ այդ գումարներն այլ բնագավառներ ուղղելու համար:
Նախարար Ջանջուղազյանը չհամաձայնեց պնդման հետ՝ նշելով, որ հարկաբյուջետային քաղաքականության տրամաբանությունը ճիշտ հակառակն է:
«Ճգնաժամի պայմաններում, ինչպես նաև վերականգնմանը նպաստող միջավայր ձևավորելու տեսակետից ծախսերի կրճատման հարց քննարկելը հիմնավորված չէ», - ասաց նա:
Հարցին՝ արդյոք ծախսերում վերաբաշխումներ կատարելու անհրաժեշտություն կլինի, Ջանջուղազյանը պատասխանեց, որ դա տեղի է ունենում նաև այսօր.
«Ակնհայտ է, որ կարող է այդպիսի անհրաժեշտություն առաջանալ նաև հաջորդ տարի»: