04/11/2020 10:36
«Զվարթնոց» օդանավակայանում և սահմանային մյուս անցակետերում ստուգվում են երկիր մուտք գործող անձանց Covid-ի բացասական թեստի ու այն հիմնավորող փաստաթղթերի առկայությունը
«Զվարթնոց» օդանավակայանում և սահմանային մյուս անցակետերում ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը ստուգում են՝ արդյո՞ք երկիր մուտք գործող անձինք ունեն առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր: Եթե այո՝ անձը ազատվում է ինքնամեկուսացումից։ Սահմանված սերտիֆիկատը կամ նմուշառման փաստը հավաստող փաստաթուղթը անձը հաստատող փաստաթղթի հետ միասին ներկայացնում է ԱԱՏՄ և Ոստիկանության աշխատակիցներին՝ օդանավակայանի ելքի մոտ։
Եթե առկա չէ Covid բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում։ Այդ դեպքում նրան տրվում է պարտադիր ինքնամեկուսացման հրահանգ՝ մինչև ՊՇՌ հետազոտության արդյունքների ստացումը, ծանուցվում է ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին, և այդ մասին տրվում է համապատասխան ձևի ծանուցագիր՝ ստորագրման, որից հետո միայն Ոստիկանության աշխատակիցը թույլատրում է ժամանած անձի ելքը օդանավակայանից։
Երկիր մուտք գործող բոլոր քաղաքացիների հանդեպ ԱԱՏՄ կողմից սահմանային անցման կետում անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ)։ Զննության արդյունքներով անձը հոսպիտալացվում է, եթե առկա են համապատասխան ախտանշաններ: