05/11/2020 22:16
Ցանկացած տեսակի պատերազմի ժամանակ հարձակվողներին չեն փնտրում, հարձակվողները գալիս են. Արծրուն Հովհաննիսյանի պատասխանն՝ Ալիևին
Երեկ ողջ գիշեր մարտերը շարունակվել են, ոչ մի րոպե չեն լռել, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մարտերի շարունակումը կախված է նրանից, որ դիվերսիոն խմբերը, որոնք գտնվում են Շուշի քաղաքի մերձակա անտառներում, համայնքներում, ճանապարհներին, ձորակներում ու այլուր, փորձում են ամեն կերպ լուծել որոշակի խնդիր», - ասաց նա։
Հովհաննիսյանը նշեց, որ առավոտյան մարտերը շարունակվել են ավելի թեժ։
«Օրվա ընթացքում Ադրբեջանի Զինված ուժերը հյուսիսում ՝ Կարմիր Շուկայի հատվածում, հարավային ուղղությամբ, տարբեր տեղերում փոքր գրոհող խմբերով նվազագույն քանակի զրահատեխնիկայով հրետանու կրակի աջակցությամբ փորձել են նորից առաջ գալ, հետ են շպրտվել՝ կրելով որոշակի կորուստներ», - ասաց ՊՆ ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է Շուշի քաղաքի մեձակա տարածքների դիվերսիոն խմբերին, Հովհաննիսյանն ասաց, թե վերջիններս հիմնականում հանդիպելով մեր զինված ուժերի դիմադրությանը ՝ երկարատև մարտի չեն բռնվում:
«Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել ու ոչնչացնել, կորուստներ կրելով՝ շպրտել:
Ադրբեջանի նախագահն ասում է, թե այդ զորքերը հարձակվում են դեպի Շուշի, բայց հարց՝ ինչպե՞ս է լինում, որ հարձակվողներին մենք պիտի հատ-հատ հայտնաբերենք ու ոչնչացնենք: Ցանկացած տեսակի պատերազմի ժամանակ հարձակվողներին չեն փնտրում, հարձակվողները գալիս են», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ մարտերը շարունակվում են ու, այսօր գիշեր էլ, նրա խոսքով, մարտերը կլինեն այնպիսին, ինչպիսին երեկ էր։