05/11/2020 12:22
Նոր ուսուցիչների ընդգրկման անհրաժեշտություն կա. առաջնահերթությունը տրվելու է Արցախից ժամանածներին. ԿԳՄՍ փոխնախարար
Շուրջ 33 հազար մարդու կրթության իրավունք է խախտված, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով, վերջին տվյալներով, 61 դպրոց, 10 մանկապարտեզ արդեն զգալի ավերածությունների է ենթարկվել:
«Դպրոցների թիրախավորման դեպքեր եղան նաև Հայաստանի Հանրապետությունում», - ասաց նախարարը:
Նա նշեց, որ սահմանամերձ համայնքներում հեռավար կրթության համար շուրջ 10 հազար սովորողի համար անվճար ինտերնետ կապ է ապահովվել: Իսկ Արցախից ժամանած զգալի թվով երեխաներ ընդգրկվել են դպրոցներում:
փոխնախարարի խոսքով՝ Արցախից ժամանած երեխաներն իրենց կրթությունը կարող են շարունակել նաև ուսումնարաններում, քոլեջներում:
«Որոշ վայրերում նոր ուսուցիչների ընդգրկման անհրաժեշտություն կա՝ պայմանավորված աշակերտների թվով: Այստեղ առաջնահերթությունը տրվելու է Արցախից Հայաստան ժամանած ուսուցիչներին», - նշեց փոխնախարարը: