05/11/2020 09:43
«Հրապարակ». «Հրաժարվել բոլոր տարաձայնություններից և լծվել հայ ժողովրդի հաղթանակի կերտմանը». Մտավորականների կոչը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին մոտ 7 տասնյակ մտավորական վարչապետին և ժողովրդին կոչ ուղղեցին՝ «հրաժարվել բոլոր տարաձայնություններից և լծվել հայ ժողովրդի հաղթանակի կերտմանը»։ Ինչպես նաև կոնկրետ առաջարկներ արեցին. «Քննարկել բոլոր հնարավոր լուծումները, ներառյալ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված, հստակ լիազորություններով օժտված ռազմաքաղաքական հատուկ մարմնի ձևավորումը»։
Հիշեցնենք, որ ռազմաքաղաքական շտաբ ստեղծելու առաջարկով շաբաթներ առաջ հանդես եկավ արտախորհրդարանական 16 կուսակցություն, որոնց առաջարկը մնաց օդում կախված։ Հետո ՀՅԴ-ն իր վրա է վերցրել առաջարկի լոկոմոտիվի դերը և մտավորականների հավաք է նախաձեռնել։ Ապա միանձնյա կազմել է հայտարարության տեքստը, ստորագրություններ է հավաքել և գործընկեր կուսակցություններին ուղարկել՝ առաջարկելով միանալ հայտարարությանը։
Պատահական չէ, որ ցանկում ընդգրկվածներից շատերը դաշնակցական են։ Մտավորականներին մոբիլիզացրել է Բագրատ Եսայանը, տեքստը գրվել է ՀՅԴ ԳՄ-ում։
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ մտավորականներին մոբիլիզացնելու կարիք չկա. «Նրանք ազատ քաղաքացիներ են, իրենց կարծիքն ազատ հայտնում են, առավել ևս՝ չեմ կարծում, թե այդ ցանկում այն մտավորականներն են, որոնց պետք է ուղղորդել։ Իսկ քաղաքական ուժերն իրենց կարծիքն արդեն հայտնել են»»։