05/11/2020 18:52
Զինծառայողների դիերն Ադրբեջանից Հայաստանին հանձնելու ողջ ընթացը տեսաձայնագրվել է, որ հակառակորդը չասի՝ ինչպե՞ս կարող եք ապացուցել խոշտանգումները. ՔԿ պաշտոնյա
Ադրբեջանի կողմից հայկական կողմին զոհված հայ զինծառայողների դիերը հանձնելու պահից սկսած՝ ամբողջ ընթացքը տեսաձայնագրվել է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը՝ հիշեցնելով, որ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդը չէր ընդունել իրեն ուղղված՝ հայ զինծառայողների դիերի խոշտանգումների մեղադրանքը:
«Դիերը տեղում ներկաների մասնակցությամբ արտաքին զննություն են անցել: Դիերը նաև լուսանկարահանվել են: Հետո կնիքված աճյունները տեղափոխվել են դատաբժշկական փորձագիտական կենտրոն, որտեղ բացվել են: Այդ ընթացքում որևէ միջամտություն բացառվում է: Այս ամենը կատարվում է այն նպատակով, որ ադրբեջանական կողմը չկարողանա ասել՝ ինչպես կարող եք ապացուցել», - մանրամասնեց Վարդանյանը:
ՔԿ պաշտոնյան ընդգծեց, որ բոլոր ապացույցները ամբողջությամբ ֆիքսվել են: