05/11/2020 18:16
Կային ածխացած դիեր. 29-ից 4-ի մարմինը հարազատները ճանաչել են. ՔԿ քրեագիտական վարչության պետը՝ հայկական կողմին փոխանցված դիերի մասին
Քննչական խումբը ադրբեջանական կողմից հայկական կողմին դիերի հանձնման ժամանակ ներկա է եղել ու հենց տեղում իրականացվել են քննչական-դատավարական գործողություններ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
Նա նշեց, որ նույն օրը նշանակված դատաբժշկական փորձաքննությունների շրջանակներում հետազոտություններն իրականացվել են Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի դատաբժիշկ-փորձագետների կողմից։
«Կային ածխացած դիեր, դիեր, որոնց մարմնի մասերը պայթյունի հետևանքով բացակայում էին: Բայց այս պահին բոլորի մասով եզրակացություն չենք ստացել։ Նախնական տվյալներով՝ այս պահին խոշտանգված կամ դիտավորյալ անդամահատված դիերի մասով տվյալներ չունենք, թեև փորձագետի եզրակացությունը դեռ չենք ստացել», - նշեց Վարդանյանն՝ ավելացնելով, որ 29 դիից 4-ի մարմինը հարազատները ճանաչել են: