05/11/2020 11:22
Չգիտեմ՝ ինչով էին մտածում Բաքվում, երբ ահաբեկիչ զինյալներին ներքաշում էին պատերազմի մեջ. սա վտանգ է ողջ տարածաշրջանի համար. Մնացականյան
Արցախում, այո, այսօր ժողովուրդը պայքարում է Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկիչ զինյալների դեմ։ Այդ ահաբեկիչ զինյալների հայտնվելը տարածաշրջանում, առավել քան մարտահրավեր է ավելի լայն կոնտեքստում, քան բուն մեզ համար, այսօր խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Դրա հետևանքները լրջանում են։ Չգիտեմ՝ ինչով էին մտածում Բաքվում, երբ այդ զինյալներին ներքաշում էին այս պատերազմի մեջ։ Դա վտանգ է ամբողջ տարածաշրջանի համար, նաև՝ տարածաշրջանից շատ ավելի դուրս։ Սա նոր իրողություն է մեր տարածաշրջանում, որն առաջ է բերում գերակայությունների նոր շրջանակ՝ ահաբեկչության դեմ պայքարի նոր անհրաժեշտ նպատակների», - ասաց նախարարը։
Մնացականյանը նշեց, որ կա միջազգային համագործակցության շրջանակ, կան տարածաշրջանային տարբեր հարթակներ, որի մեջ Հայաստանը ներգրավված է, բայց սեպտեմբերի 27-ից սկսած՝ կա իրավիճակ, որն անմիջապես վերաբերում է ամբողջ տարածաշրջանին։
«Մեր կարևորագույն գործառույթներից մեկն է ավելի համալրված և թիրախային աշխատանք կազմակերպել տարածաշրջանում այս իրողության դեմ պայքարելու համար», - ասաց ԱԳ նախարարը։