06/11/2020 09:41
«Հրապարակ». Սեյրան Օհանյանը պատերազմի առաջին օրվանից Արցախում է, աջակցում է՝ ինչով կարող է
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմը նաև լակմուսի թուղթ է։ Հայաստանի իշխանությունների կողմից երկուսուկես տարի քրեական հետապնդման ենթարկված պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, մի կողմ դնելով գործող իշխանությունից իր նեղացածությունը, պատերազմի առաջին օրվանից Արցախում է, աջակցում է՝ ինչով կարող է։
Երեկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն անգամ հրապարակավ երախտիքի խոսք հայտնեց գեներալ-գնդապետ Օհանյանին, ով վերջին օրերին մասնակցում է նաև Շուշին պահելու գործողություններին։ 1992-ին էլ Օհանյանը Շուշիի օպերացիայի մասնակիցներից է եղել, ղեկավարել է Ջանհասան-Քյոսալար ուղղության մարտական գործողությունները։ Իսկ ՀՀ պաշտպանության գործող նախարար Դավիթ Տոնոյանն այս օրերին գրեթե չի երևում։ Ներիշխանական ինչ-ինչ տարաձայնություններով պայմանավորված՝ նախարարն ինքնամեկուսացել է։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն էլ են սկսել ակտիվ մասնակցություն ունենալ որոշումների կայացման հարցում։ Նույնիսկ Արցախի այն գեներալներն ու հերոսները, որոնք զրկված էին ՊԲ շտաբում՝ թեկուզ խորհրդատուի մակարդակով ռազմական գործողությունների մշակմանը, այս օրերին մարտի դաշտում են։ Բայց արդյոք այս կոնսոլիդացիան ուշացած չէ»։