06/11/2020 22:14
Այսօր մեր հրետանին, հետևակը, այլ ստորաբաժանումներն ուղղակի հրաշքներ են գործել. «Գյոռբագյոռ» գործողությունը հաջողությամբ շարունակվում է. Հովհաննիսյան
Շուրջ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր և երեկ, անցնող գիշերը բավական ինտենսիվ և ծանր մարտեր էին Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհին և Շուշիի մերձակայքում։ Եթե 1992 մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, այս անցնող օրերը հայոց պատմության մեջ կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր», - ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «Գյոռբագյոռ» ռազմական գործողությունը հաջողությամբ շարունակվում է։
«Այսօր մեր հրետանին, հետևակը, այլ ստորաբաժանումներն ուղղակի հրաշքներ են գործել։ Թշնամու զորքերից, վարձկաններից և մնացած թափթփուկներից Շուշի տանող ճանապարհների ձորակներում տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր, դիակներ են մնացել։ Առաջիկայում համապատասխան տեսանյութերը կլինեն», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այս պահին էլ մարտերն ընթանում են, բայց դրանց ուժգնությունը զգալիորեն թուլացել է։