06/11/2020 15:22
Երևանի փողոցների նորոգման և ճաքալցման համար 2021 թ. կհատկացվի 3 մլրդ դրամ, Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի համար՝ 833 մլն 462 հազար դրամ
Երևանի քաղաքապետի ֆինանսական գծով տեղակալ Սերգեյ Ներսիսյանը ԱԺ-ում 2021 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ներկայացրեց Երևանի քաղաքապետարանին հատկացվող գումարների չափը։
«Երևան համայնքին հատկացվող դրամաշնորհներն, այդ թվում՝ սուբվենցիոն նպատակային հատկացումները և ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիան նախատեսվել է 22 մլրդ 503 մլն 961 հազար դրամի չափով։ Իսկ պետության կողմից Երևանի քաղաքապետարանին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նախատեսվել է 36 մլրդ 15 մլն 459 հազար դրամի կարգով», - ասաց Ս. Ներսիսյանը։
Նա նշեց, որ նշված նախատեսումներն ընթացիկ բյուջետային տարվա համեմատ փոփոխվել են.
«Մասնավորապես, պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների բյուջեն կրճատվել է շուրջ 20 մլրդ 95 մլն դրամով, որի տեսակարար կշռում մեծ մաս են վարկային և դրամաշնորհային ծրագրերը։ Ընդ որում, կրճատումները կատարվել են նկատի ունենալով միջնաժամկետ ծախսերի ծրագրում առաջիկա բյուջետային տարվան հաջորդող բյուջետային տարում ընդգրկելու հնարավորությունը»։
Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ Երևան համայնքին նախատեսվող նպատակային հատկացումներն ավելացել են 39 մլն դրամով՝ կազմելով 9 մրդ դրամ, իսկ ֆինանասական համահարթեցման սկզբունքով տրված դոտացիան մնացել է անփոփոխ՝ նախատեսվելով 13 մլրդ դրամի չափով։
«Ընդհանուր ցուցանիշներից զատ Երևանի արտաքին լուսավորության ծրագրով նախատեսվել է բյուջետային ֆինանասավորման հայտով ներկայացված գումարից պակաս 2 մլրդ դրամ, որը 2020թ. բյուջետային տարվա համեմատ մնացել է նույնը։ Փողոցների նորոգման և ճաքալցման նպատակով 2021թ. բյուջեի նախագծով հատկացվել է 3 մլրդ դրամ՝ մնալով անփոփոխ 2020թ. բյուջետային տարվա նկատմամբ։ Երևանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի համար 2021 թվականի բյուջեի նախագծով նախատեսվել է 833 մլն 462 հազար դրամ։
Այսպիսով, Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի նախագծի եկամտային մասը նախատեսվում է շուրջ 92 մլրդ 420 մլն 288 հազար դրամ», - ներկայացրեց Երևանի քաղաքապետի ֆինանսական գծով տեղակալը։