05/11/2020 22:25
Եթե կորցնենք հայրենիքը, մտածելու ենք, որ իզուր էին զոհերը, իզուր էր, որ հազարավոր երեխաներ 1990-ականներից որբ մնացին. ԱՀ ՄԻՊ-ը կոչ է անում հույսը մեզ վրա դնել (Տեսանյութ)
Իմ հայտարարությունների հիմնական մասը ուղղված է եղել աշխարհին իրազեկելուն՝ ինչ է կատարվում այստեղ, այստեղի վտանգների մասին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ անընդհատ այն մտքին է, որ շատերը հասկանում են մեզ, շատերը ցավում են մեր կորուստների համար, բայց երբ հարցը հասնում է որոշումներ կայացնելուն, գործողություններին, մարդկային զգացողությունները, մարդու իրավունքները էական չեն, էական է քաղաքական, տնտեսական, գուցե, այլ շահեր:
«Ով առ այսօր մեզ օգնել է, միանշանակ, շնորհակալ ենք, ով հետագայում կօգնի, շնորհակալ ենք, բայց այդ աջակցությունը բավարար չէ հանցագործությունները կանգնեցելու և մեղավորներին պատժելու համար: Ինձ հաճախակի են հարցնում, թե ի՞նչ է մտածում միջազգային հանրությունը, չե՞ն ցանկանում օգնել մեզ: Անկեղծորեն ասում եմ՝ եկեք հույսներս դնենք մեզ, մեր զինվորների վրա, այլապես կկորցնենք ամեն ինչ: Եկեք մտածենք մեր ուժերի վրա հույս դնելու մասին, մեր աչքը դրսում չպահենք, որ կողքից ինչ-որ մեկը գա, օգնի՝ մեր տունը պաշտպանենք», - ասաց Բեգլարյանը:
Նա կոչ արեց մեկ բռունցք դառնալ, միավորվել մեր դիրքապահ տղաների շուրջ:
«Ով կարող է զենք վերցնել, զենք վերցնի, դիրք պահի, որպեսզի կարողանանք հավետ ունենալ մեր հայրենիքն ու խաղաղությունը, այլապես մենք կկորցնենք մեր ամբողջ հայրենիքը: Այս օրերին հաճախ մտածում եմ, գուցե, ժամանակն է, որպեսզի ՄԻՊ-ի իմ գործունեությունը դադարեցնեմ ու կցագրվեմ ՊԲ-ում, իմ ներուժը օգտագործեմ», - նշեց նա՝ ավելացնելով, որ եթե կորցնենք հայրենիքը, մտածելու ենք, որ իզուր էին զոհերը, իզուր էր, որ հազարավոր երեխաներ 1990-ականներից որբ մնացին:
«Ես կորցրել եմ իմ հայրիկին և առ այսօր չեմ մտածել, որ այդ կորուստն անիմաստ էր, հպարտությամբ եմ կրում իմ հայրիկի զավակ լինելու իրավունքը: Նույնը խնդրում եմ զոհերի հարազատներին՝ հպարտ եղեք զոհերի հարազատները լինելու համար: Նրանք մեզ համար են զոհվել, նրանք, ովքեր կանգնած են դիրքերում, մեզ համար են կանգնած», - ասաց Արցախի ՄԻՊ-ը:
Նա մեջբերեց. «Եթե կորցնենք Արցախը, շրջելու ենք հայոց պատմության վերջին էջը: Գուցե նախավերջինը լինի, բայց պետք է բոլորս այսքանը հասկանանք, և հասկանանք, որ բոլորս պարտական ենք զոհված տղաներին ու նրանց հարազատներին»:
Արտակ Բեգլարյանն ընդգծեց, որ այս օրերին ֆեյսբուքյան մեկնաբանություններ գրողների, «ֆեյսբուք»-ում ոգի տվողների կարիք չունենք, մենք հայրենիքի պաշտպանների կարիք ունենք: