06/11/2020 19:13
«Մեր արածն ի՞նչ է՝ տղերքին օգնում ենք, որ կարողանան առաջխաղացում ունենալ». հրետանային դիվիզիոնի ավագ սպա, լեյտենանտ Դավիթ Մովսեսյանը երկու վիրահատություն է տարել
27.09.2020 թվական. վաղ առավոտյան ժամը 07:10-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Ժամեր անց արդեն պետք է գուժվեր՝ Արցախում պատերազմ է…
Առանց վայրկյան կորցնելու՝ կողք-կողքի հայտնվեցին զինվորն ու հրամանատարը, կամավորն ու աշխարհազորը: Ինչպես օրեր անց պիտի հայտարարվեր՝ սա մեր Հայրենական պատերազմն է, որն այս անգամ պետք է վերջնական հանգուցալուծել:
Հատկապես առաջին օրերին առաջնագծի թելադրողները հրետանավորներն էին: Տղաների ամեն մի վճռորոշ տեղաշարժի հետ, ցավոք, վիրավորների ու զոհերի նոր ցուցակներ էին գալիս: Հոկտեմբերի 1-ից Մարտակերտի շրջանում էր (դեպի Մատաղիսի թև) հրետանային դիվիզիոնի ավագ սպա, լեյտենանտ, 42-ամյա Դավիթ Մովսեսյանն, ում համար պատերազմի առաջին փուլը տևեց ուղիղ 8 օր: Հոկտեմբերի 8-ի կեսօրին հրամանատարը վիրավորվեց, գրադը նրանից 5 մետր հեռավորության վրա էր ընկել՝ ամբողջովին ջախջախելով ձախ թևը:
«Վիրավորվել եմ մարտական խնդիր կատարելու ժամանակ, բայց տղերքն ասում են, որ թշնամուն շատ մեծ վնաս ենք պատճառել: Իսկապես, լավն են մեր հրետանավորները, կրակը՝ դիպուկ: Մեր արածն ի՞նչ է՝ տղերքին օգնում ենք, որ կարողանան առաջխաղացում ունենալ: Փառք Աստծո, կարողացել ենք «պոստեր» գրավել: Ուղղակի քո արած գործն այդ պահին դու չես կարողանում տեսնել, հեռահար է, հետո ես իմանում արդյունքը», - Aysor.am-ի հետ զրույցում ռազմաճակատից մանրամասներն է վերհիշում Դավիթը:
Նկատում եմ՝ զուսպ ու հնարավորինս աննկատ շարժումով աչքերն է սրբում: Հետո իրեն ուղղված հայացքս բռնացնում ու «արդարանում» է՝ «պատերազմն առանց կորուստների չի լինում, իմ դիվիզիոնի տղաներից շատերը վիրավորվեցին, զոհվեցին»:
Վիրավորվելուց հետո Դավիթին տեղափոխել են Մարտակերտի հոսպիտալ, այնուհետև՝ Ստեփանակերտի, Գորիսի, Սիսիանի… Վիրավորումը ծանր էր, վնասվել էր նաև թևի նյարդային հանգույցը, բարդ վիրահատություն էր սպասվում, ու վերջնական կանգառը՝ հոկտեմբերի 10-ից, եղավ Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնը: Երկու վիրահատություն են արել, վերջինը՝ հոկտեմբերի 22-ին:
«Թևիս կեսը չկար, բժիշկներն ասում են, որ ոսկորս լրիվ բաց էր: Հուսամ՝ թևս կաշխատի ու դեռ կծառայի իմ հայրենիքին», - իր ներսում «խեղդելով» չմեղմացող ֆիզիկական ցավը՝ ասում է հրետանավորը: Այնուհետև աջ ձեռքով փորձում է շարժել ամբողջությամբ վիրակապերով պատված ձախ փեռքի մատները: Չէ, դեռ զուր է, դեռ ռազմաճակատ շտապել չի կարող: Աչքերում կարդում եմ՝ բայց դե տղերքն էնտեղ են, տղերքն իրան սպասում են, պատերազմի իր՝ երկրորդ փուլն է սպասում:
«Սա 90-ականների կռիվը չի, սա մի այլ կռիվ է, որը նկարագրել հնարավոր չի», - նկատում է սպան ու ընդգծում՝ եթե ամբողջ օրը հրետանին է աշխատում, ուրեմն այս կռիվը երկար է տևելու: Միաժամանակ, թշնամուն զգուշացնում է՝ մե՛նք ենք հաղթելու:
42-ամյա հրամանատարի համար սա առաջին, ու տա Աստված՝ միակ Հայրենական պատերզմն էր: Հարցին՝ հենց այսպե՞ս էր պատկերացնում ռազմաճակատը, թե՞ անգամ իր պատկերացումները զիջում էին իրականությանը, ժպիտով պատասխանում է.
«Երևի թե հեռուստացույցով, 1941-1945 թվականների պատերազմի մասին պատմող կինոներում էլ չենք տեսել սենց պատերազմ: Էն ի՞նչ պատերազմ էր՝ համեմատած սրան: Սա նորարարական զենքի պատերազմ է, մի ուրիշ սերնդի պատերազմ: Տա Աստված՝ շուտ ավարտվի, իհարկե, մեր հաղթանակով: «Հաղթելու ենք» կարգախոսն անկասկած գործող է, մենք այդ հույսով ու նպատակով էլ գնացել ենք ռազմադաշտ: Չեք պատկերացնի, թե ինչ բարձր մարտական ոգի ունեն մեր էրեխեքը, մեր 18-20 տարեկանները: Հալալ ա նրանց», - պատմում է նա:
Դավիթ Մովսեսյանը երեք որդիների, կամ, ինչպես ինքն է բնորոշում, երեք ապագա զինվորների հայր է: Ավագը՝ Բորիսը, 17 տարեկան է, Մհերը՝ 14, Վահագնը՝ 10:
«Թող խաղաղություն հաստատենք, ու բոլորն էլ գնան ծառայեն: Հենց էնպես խոսքեր չեն, որ «տղուն ծառայությունն է տղամարդ սարքում», - ընդգծում է զրուցակիցս:
Դավիթի մոտ «ժամապահներ» կան. Կինն ու ավագ որդին՝ Բորիսը, գիշեր-ցերեկ հերթապահում են հրամանատար ամուսնուն ու հորը:
«Գրեթե մեկ ամիս է՝ հիվանդանոցում ենք, ու երբ նայում եմ չորս կողմս, հասկանում եմ՝ բժիշկներն այստեղ են ծառայում, զինվորներն՝ այնտեղ: Ոսկե ձեռքերով բժիշկներ ունենք, վիրաբույժներ, նրանք ամուսնուս ձեռքը, կարելի է ասել՝ զրոյից հավաքեցին», - ընդգծում է վիրավոր սպայի կինը՝ Նոննա Եգանյանը:
17-ամյա Բորիսը հրամանատար հոր կրտսեր ընկերն է: Դավիթի պատերազմ մեկնելու մասին առաջինը հենց նա է իմացել, տնեցիներին ոչինչ չի ասել: Հայրն է հրահանգել: Ընտանիքը մտածել է, թե պայմանագրային զինվորականն իր սովորական «գործին» է, բայց` խաղաղ պայմաններում: Վիրավորվելու մասին ամենադժվարը սպայի ծնողներին հայտնելն էր. հայրը երկու անգամ սրտի կաթված տարած մարդ է, պետք էր զգույշ լինել: Սկզբում վատացել, բայց հետո նույնիսկ մի-քիչ ուրախացել է. թեկուզ վիրավոր, բայց որդին վերադարձել է:
«Ես չեմ ցանկացել, որ ընտանիքս իմանա: Ինչի՞ ավելորդ լարվեին, անհանգստանային, ի՞նչ կարիք կար: Մեկ է՝ լինելու էր այն, ինչ ճակատիս գրած էր: Միայն տղայիս հրաժեշտ տվեցի ու գնացի», - նշում է նա:
Լեյտենանտը հիվանդանոցի ամենակամակոր հիվանդներից է՝ ամեն վայրկյան ուզում է «դուրս թռչել» իրեն կաշկանդող պատերի միջից:
«Ուզում եմ մարտական ոգին միշտ բարձր լինի, հաղթական րոպեն շուտ գա: Խաղաղություն եմ ուզում հաստատենք, ու մեր էրեխեքը գան տուն: Գուցե, հիմա էլ իմ այնտեղ ներկայությունը կարևոր է», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Դավիթ Մովսեսյանը: