06/11/2020 11:06
2021-ին գյուղատնտեսության բնագավառում իրականացվող ֆինանսական աջակցությունը կկազմի մոտ 31.2 մլրդ դրամ. Էկոնոմիկայի նախարար
2020 թվականն առանձնահատուկ էր նրանով, որ ունեցել ենք չսպասված երկու ցնցում, որոնք ազդել են տնտեսության բոլոր ոլորտների, բնականաբար, նաև գյուղատնտեսության վրա, ԱԺ-ում 2021 թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Համավարակն աննախադեպ վնասներ պատճառեց տնտեսության բազմաթիվ ուղղություններին, ապա՝ ռազմական դրությունը», - ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ գարնանն արդեն, երբ պարզ է եղել, որ համավարակն ազդելու է տնտեսության վրա, վերանայել են գյուղատնտեսության ոլորտում անելիքները։
«Հասկանալի էր, որ պետք է էապես ավելի մեծ աջակցություն ցուցաբերենք տնտեսության այն ոլորտին, որն առաջին հերթին կարող է պարենային ապահովության երաշխիքներ ստեղծել։ 2021 թվականին կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում իրականացվող ֆինանսական աջակցությունը կկազմի մոտ 31.2 մլրդ դրամ, ինչը որոշ չափով բարձր է, քան 2020 թ. ցուցաբերվող աջակցության ընդհանուր ծավալը», - ներկայացրեց նախարարը։
Նպատակն, ըստ Խաչատրյանի, գյուղատնտեսության բնագավառում արտադրողականության և մրցունակության բարձրացումն է։
«Ծրագրերը, որ իրականացնում ենք, հենց այդ խնդիրների լուծմանն են ուղղված», - ասաց նախարարը։