07/11/2020 23:20
Մենք շարունակում ենք կարծել, որ ռուսական խաղաղապահների գործունեությունը կարող է ամենարդյունավետը լինել. ՀՀ վարչապետ
Այն աջակցությունը, որ մենք ակնկալում ենք Ռուսաստանից, մենք ստանում ենք, գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չունենք որևէ վերապահում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի անվտանգային և դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ: Բայց, մյուս կողմից, հասկանում ենք, որ Ռուսաստանը նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որն ունի որոշակի չեզոքության պարտավորություն Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ որը նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Սա, իհարկե, այքան էլ պարզ իրավիճակ չէ, բայց մենք գոհ ենք Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ունեցած պարտավորությունների կատարման որակից», - ասել է վարչապետը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների տեղակայմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե դա կարևոր հարցերից մեկն է։
«Ես ասել եմ, որ մեզ համար ընդունելի է ռուսական խաղաղապահների տեղակայումը։ Եվ այստեղ հարցը ոչ այնքան և ոչ միայն քաղաքական է, այլև պրակտիկ, որովհետև նախ Ռուսաստանը ներկա է տարածաշրջանում: Այսինքն՝ խաղաղապահներ ենթադրում է օպերատիվ արձագանք, և Ռուսաստանը ներկա է տարածաշրջանում, Ռուսաստանը գիտի տարածաշրջանը։ Ընդհուպ կարող եմ խոսել լեզվական, կոմունիկացիոն խնդիրների մասին, որ ենթադրենք, այո, գաղափարներ կան, որ ամենատարբեր երկրներից կարող են խաղաղապահներ լինել տարածաշրջանում՝ սկսած լեզվական հաղորդակցությունից և տարածաշրջանն ու մենթալիտետն իմանալու նրբություններից: Մենք շարունակում ենք կարծել, որ ռուսական խաղաղապահների գործունեությունը կարող է ամենարդյունավետը լինել այդ առումով», - ընդգծել է ՀՀ վարչապետը։