09/11/2020 23:32
Համոզված ենք՝ ՀՀ ինքնիշխան տարածքում ՌԴ զինված ուժերի հանդեպ ուժի կիրառումը կստանա համարժեք արձագանք. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման վերաբերյալ։
«Նոյմբերի 9-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքից դյուրակիր շարժական զենիթահրթիռային համալիրից արձակված կրակից Հայաստանի Հանրապետության օդային տարածքում խոցվել է ռուսական Մի-24 ուղղաթիռ: Ըստ նախնական տվյալների՝ հարձակման հետևանքով կա երկու զոհ և մեկ վիրավոր:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը, զոհվածների ընտանիքի անդամներին և մարտական ընկերներին:
Հատկանշական է, որ այդ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել ԼՂ հակամարտության գոտուց դուրս՝ մի վայրում, որտեղ այս ընթացքում չեն արձանագրվել որևէ ռազմական բախումներ: Այս տեսանկյունից, ադրբեջանական կողմի պնդումները և արդարանալու փորձերը կեղծ են և հիմնազուրկ:
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ՌԴ ԶՈՒ հանդեպ իրականացված այս ոտնձգությունը:
Համոզված ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ՌԴ զինված ուժերի հանդեպ ուժի կիրառումը կստանա համարժեք արձագանք», - ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը խոստովանել է, որ իր զինուժն է խոցել ռուսական ուղղաթիռը Հայաստանի տարածքում: