09/11/2020 16:50
Հանդիպման կոչով կրկին դիմել ենք, որովհետև ունենք հարցեր, որոնք պետք է ստանան պատասխաններ. Անի Սամսոնյան
Սա մեր երկրորդ կոչն է, որ մեզ անհրաժեշտ է փակ քննարկում՝ Անվտանգության խորհրդի ձևաչափով, քանի որ նախորդ կոչի համաձայն՝ այդ հանդիպումը չկայացավ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն՝ անդրադառնալով ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրատապ հանդիպելու առաջարկներին:
«Մենք կրկին դիմել ենք, որովհետև ունենք հարցեր, որոնք պետք է ստանան պատասխաններ: Դա այն ձևաչափն է, որտեղ այդ հարցերը պետք է բարձրացվեն: Հետևաբար, այն, որ նիստը չի կայացել, դրանից մեր առաջարկը ո՛չ նահանջում է, ո՛չ էլ չեղարկվում է: Ցանկալի կլինի, որ այդ նիստը կայանա», - նշեց պատգամավորը:
Ի պատասխան հիշեցմանը, որ վարչապետի խոսնակն ավելի վաղ նշել էր՝ ԱԽ նիստ արդեն տեղի ունեցել է, որին մասնակցել է նաև ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, Սամսոնյանն ասաց.
«Այդ հանդիպումը երբ է տեղի ունեցել, կհասկանանք, որ դրանից անցել են շաբաթներ, իսկ ռազմաճակատում զարգացումները լինում են նունիսկ րոպե առ րոպե: Այն տեղեկատվությունը, որը մենք ստացել էինք նախորդ նիստի ժամանակ, բնականաբար, արդեն արդիական չէ»:
Հարցին՝ ինչո՞ւ ԼՀԿ-ի համար բավարար չեն պաշտոնական աղբյուրների հրապրակած տեղեկությունները, ԱԺ պատգամավորը պատասխանեց.
«ԱԺ-ն այն մարմինն է, որն իրվունք ունի ստանալու այնպիսի տեղեկատվություն, որը պարունակում է ռազմավարական և մարտավարական բաղադրիչ: Դրանք այն հարցերն են, որոնք հրապարակային քննարկման համար չեն: Որպես պատգամավորներ՝ մենք ունենք նաև գաղտնի տեղեկատվությանը հասանելիությունը, հետևաբար, իրավունք ունենք նաև տեղեկանալու, թե այս պահին ինչ աշխատանքներ են տարվում դիվանագիտական ճակատում, և ինչպիսի իրադրություն է ռազմաճակատում:
Եթե մեզնից պահանջում են միասնականություն, ինչը մենք ցուցաբերում ենք, մենք էլ փորձում ենք այդ միասնականության համար ձեռք բերել այնպիսի տեղեկատվություն, որպեսզի ավելի ռեալ գնահատենք իրավիճակը և ավելի շատ մեր գործողությունները հարմարեցնենք այդ իրավիճակին:
Մասնավորապես, մեզ հետաքրքիր է, թե ինչ պլաններ կան դիվանագիտական առումով, ինչ ռազմավարություն է մշակվել, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, ինչ է անհրաժեշտ, որ մեր հաջողությունները լինեն ավելին, քան կան ռազմաճակատում»: