09/11/2020 13:59
Խորհրդարանի ընդդիմադիր ուժերն առավել քան իրավասու են ունենալ ցանկություն տիրապետել ինֆորմացիայի, որը կապված է Արցախի և ՀՀ սահմանների անվտանգության հետ. Իվետա Տոնոյան
Դեռևս հոկտեմբերի 27-ին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դիմել էին վարչապետին՝ առաջարկելով հրավիրել անվտանգության խորհրդի հրատապ նիստ։
«Ցավոք, մեր այդ առաջարկն այդպես էլ արձագանք չգտավ, իշխանության ներկայացուցիչները սահմանափակվեցին վարչապետի մամուլի խոսնակի այն հայտարարությամբ, թե օրեր առաջ այդ ձևաչափով հանդիպում արդեն իսկ կայացել է։ Սա ինձ համար առավել քան տարօրինակ ձևակերպում է, որովհետև ռազմական դրության պայմաններում, երբ յուրաքանչյուր վայրկյան սահմանին իրավիճակ է փոխվում, կարծում եմ, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, եթե գտնում են այդ անհրաժեշտությունը, ապա հարկ է, որ դրան որոշակի արձագանք լիներ», - ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնայանը։
Նա նշեց, որ գրությունից անցել է երկու շաբաթ, այդ հարցերը պատասխան չեն ստացել, դրանց գումարվել են նաև բազմաթիվ այլ հարցեր.
«Այսօր առավել քան անհրաժեշտ ենք դիտարկում նմանատիպ հանդիպման անցկացումը»։
Այս պահի դրությամբ, Տոնոյանի խոսքով, վարչապետից դեռևս որևէ արձագանք չունեն.
«Այն լինելուն պես կներկայացնենք հանրությանը»։
Նրա խոսքով՝ Արցախում իրավիճակի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությանը տիրապետում են բացառապես իշխանությունները։
«Եվ այս դեպքում խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերն առավել քան իրավասու են ունենալ ցանկություն տիրապետել ինֆորմացիայի, որը կապված է Արցախի և ՀՀ սահմանների անվտանգության հետ։ Մեր առաջարկ-պահանջը սրանով է պայմանավորված եղել», - ասաց Իվետա Տոնոյանը։
Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն այսօր դիմել են վարչապետին` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ անհապաղ հանդիպման պահանջով։