09/11/2020 16:14
Օրերս ինձ է դիմել ազատամարտիկի կինն, ում ամուսնու դին դեռ չեն հայտնաբերել, և հայտնել, որ երեխայից դպրոցը շարունակում է դասագրքերի գումար պահանջել. Պատգամավոր
Օրերս ինձ դիմեց ազատամարտիկներից մեկի կինը, ում ամուսնու դին էլ դեռ չեն գտել, բայց դպրոցը շարունակում է ուզել երեխայի դպրոցական դասագրքերի գումարները, ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:
Նա, դիմելով ոլորտի պատասանատուներին, հարց ուղղեց, թե ԿԳՄՍՆ-ն զինծառայողների երեխաների գրքերի վարձավճարների հետ կապված ի՞նչ ծրագրեր ունի:
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց՝ հստակ ամրագրված է, որ դասագրքերը դպրոցներում կարող են առանց փոխհատուցման տրվել այն շահառուներին, որոնք ունեն դրա կարիքը, մասնավորապես՝ սոցիալապես ավելի խոցելի խմբերի ներկայացուցիչներին։
Սրբուհի Գրիգորյանը միաժամանակ հետաքրրքվեց, թե նախարարությունն ի՞նչ ծրագրեր ունի զոհված զինծառայողների կամ ազատամարտիկների երեխաների բուհական կրթության վարձավճարները զեղչելու կամ ուսումն անվճար դարձնելու առնչությամբ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն արձագանքեց, որ այդ ուղղությամբ մտածում են և բուհերի ղեկավարությունների հետ խորհրդակցությամբ ծրագիր են մշակելու: