09/11/2020 11:57
Էրդողանը Պուտինին առաջարկել է ստեղծել Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցների ժամանակ առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար, հայտնում է CNN Turk հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին:
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահները շաբաթ հեռախոսով քննարկել են իրավիճակը Ղարաբաղում: Ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, նրանք հաստատել են փոխադարձ պատրաստակամությունը համագործակցել տարածաշրջանում հակամարտության խաղաղ լուծման հասնելու համար:
Հեռուստաալիքի համաձայն՝ Պուտինը ողջունել է Թուրքիայի առաջնորդի առաջարկը. առաջիկա օրերին ղարաբաղյան ճգնաժամի շուրջ բանակցությունները կարող են վերածվել երկկողմ ձևաչափի, որը կգործի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներից դուրս: Նշվում է, որ նոր խումբը կաշխատի հրադադարի ռեժիմից հետո ժամանակահատվածում միջոցների մշակման և քաղաքական կարգավորման գործընթացն իրականացնելու համար: Հաղորդվում է, որ Էրդողանի ու Պուտինի բանակցություններից հետո երկու երկրների արտգործնախարարները նույնպես հեռախոսային բանակցություններ են վարել: