10/11/2020 02:29
Խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը. Հարությունյան
Այսօր ամբողջ օրը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ացախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաև ԱՀ Ազգային ժողովի հետ և ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը: Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը: Ինչ վերաբերում է ստորագրված եռակողմ հայտարարությանը, ապա դրա վերաբերյալ մանրամասնորեն հանդես կգամ ավելի ուշ:
Իմ խորին ցավակցություններն ու հպարտությունն եմ հղում մեր նահատակների հարազատներին ու ողջ ժողովրդին: Մենք դեռ ժամանակ կունենանք զոհված հերոսների հարազատների ու մեր զինվորականների հետ երկխոսություն ունենալ մեր անելիքների շուրջ: Խոնարհումս բոլոր այն անձանց, ովքեր իրենց փոքրիկ լուման անգամ ներդրեցին Հայրենիքի պաշտպանության ծանր գործում», - գրել է նա: