10/11/2020 14:08
Հետևողականորեն ամեն ինչ արվել է թիկունքը թուլացնելու համար. քաղաքական իշխանությունը եղել է դավադիր ուժ. ՀՅԴ գործիչ
Մենք գնահատել ենք, որ պատերազմական իրավիճակում օրվա իշխանության ձեռնարկած քայլերը համարժեք չեն ստեղծված իրավիճակին, սակայն ՀՅԴ-ի այդ գաղափարը վարկաբեկվել է՝ ներկայացվելով որպես իշխանության համար պայքար, տեսաուղերձում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Դաշնակցական գործիչը շեշտել է՝ երբ հայ զինվորը սահմանին կռվում էր, խիստ անհասկանալի էր երկրի վարչապետի՝ ուղիղ եթերում բարձրաձայնած հնարավոր ծանր զիջումների մասին հայտարարությունը:
«Այս ամբողջ ժամակահատվածում թիկունքում եղել է անկազմակերպ վիճակ, զորահավաքը տեղի է ունեցել անկազմակերպ, մատակարարումը ունեցել է խնդիրներ, կազմակերպական բազմաթիվ խնդիրներ են առաջացել, սակայն ղեկավարությունը համապատասխան քայլեր չի ձեռնարկել», - ասաց Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ 35 օր պետական համակարգը ստել է ժողովրդին՝ կեղծ տեղեկություններ տալով:
«Երբ կորցրել էինք Ֆիզուլին, Ջաբրաիլը, Հադրութը, իրենք հակառակն էին պնդում՝ ասելով, որ հաղթել ենք: Հետևողականորեն ամեն ինչ արվել է՝ թիկունքը թուլացնելու համար, քաղաքական իշխանությունը եղել է դավադիր ուժ: Փորձել գտնել մեղավորներ, չի ստացվելու, առաջին մեղավորը և պատասխանատուն ՀՀ իշխանությունն է, որը կռվի իմիտացիա է արել, երկիրը հասցրել վտանգի առաջ», - նշեց Իշխան Սաղաթելյանը: