12/11/2020 14:20
Մեղրին հանձնելու մասին լուրեր են տարածում, ինչը անհեթեթություն է. ընդամենը խոսք է գնում տարածաշրջանի տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու մասին. ՀՀ վարչապետ
Փաստաթղթի բովանդակությունը վատն է մեզ համար, բայց այն պետք չէ ավելի վատացնել, քան կա, հայ ժողովրդին ուղղված ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեղրին հանձնելու մասին լուրեր են տարածում, ինչը անհեթեթություն է: Ընդամենը խոսք է գնում տարածաշրջանի տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու մասին, այդ թվում՝ Ադրբեջանից դեպի Նախիջևան, բայց դա նշանակում է նաև, որ պետք է ապաշրջափակվեն Երևանից Նախիջևանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Իրանի հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ տնտեսության հետագա զարգացման գործում:
ԼՂՀ այն հատվածը, որը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո, ՌԴ խաղաղապահների տեղակայմամբ Լաչինի միջանցքը Գորիսից մինչև Ստեփանակերտ անխափան գործելու է, ընդ որում՝ նաև Շուշիի հատվածում: Ռուս խաղաղապահները ապահովելու են անվտանգ ճանապարհ ամբողջ տարածությամբ», -ասաց վարչապետը:
Նա նաև ավելացրեց, որ Ստեփանակերտ-Երևան կապը պետք է լինի հուսալի: