12/11/2020 17:17
Իրեն ժողովրդավար հռչակած ղեկավարի կողմից Հայաստանը դարձավ քաղբանտարկյալների երկիր. Զոհրաբյան
Տեղեկություն կա, որ «Իմ քայլը» շատ օպերատիվ կհավաքվի բոլորիս՝ այդ թվում՝ ինձ, այլ պատգամավորների, պատգամավորական մանդատից զրկելու համար, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Շատ արագ հոդվածն են մտածում: Բայց մեզնից մեկը չի ասել մի բան, որով կփորձեն գործեր հարուցել և որով կալանավորվել են մեր տասից ավելի գործընկերներին: Նրանք բոլորը քաղբանտարկյալներ են: Իրեն ժողովրդավար հռչակած ղեկավարի կողմից Հայաստանը դարձավ քաղբանտարկյալների երկիր:
Դատախազին հանձնարարված է կյանքի գնով իրավական հիմնավորում գտնել՝ ինձ և Գևորգ Պետրոսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, մյուս պատգամավորներին էլ՝ ձերբակալելու: Իմ տեղեկությամբ դատախազը դժվարանում է նման հոդված գտնել», - ասաց պատգամավորը:
Վերջում Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց՝ ինքն ընդհուպ անձնական կյանքի սպառնալիքներ է ստանում և եթե իր հետ որևէ բան պատահի, առաջին և միակ պատասանատուն Նիկոլ Փաշինյանը կլինի: