12/11/2020 12:48
Ազգը անուն առ անուն պետք է իմանա այն պատգամավորներին, ովքեր ստորագրել են այս խայտառակ որոշման տակ. Իվետա Տոնոյան
«Իմ քայլը» խմբակցությունը, որը մի քանի օր շարունակ պատսպարված էր տարատեսակ գրասենյակներում, նկուղներում, ապաստարաններում, ուշ երեկոյան հանդես է գալիս մի հայտարարությամբ, որտեղ ընդունում է Արցախը հանձնելու պատասխանատվությունը, մինչդեռ մինչև երեկ մենք հույս էինք հայտնում, որ խմբակցությունը տեղյակ չի եղել ստորագրված խայտառակ համաձայնագրից, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Սակայն «Իմ քայլը» խմբակցության այն անդամները, ովքեր համարձակություն կունենան հայտարարելու, որ իրենք ստորագրում են նախօրեին տարածված հայտարարության տակ, հավասարապես կիսում են պատասխանատվությունը ստորագրված դավաճանական հայտարարության և որոշման մասով», -ասաց Իվետա Տոնոյանը։
Պատգամավորն ունի տեղեկատվություն և փաստերը ձեռքին են, որ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավոր արդեն իսկ նշում են, որ կա՛մ տեղյակ չեն եղել խմբակցության անունից տարածվող հայտարարության տեքստից, կա՛մ տեղյակ են հայտարարության առաջին հատվածին։
Տոնոյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ակնկալում է, որպեսզի անվանական հայտարարեն, թե ով է ստորագրել նախօրեին տարածված հաղորդագրության տակ։
«Ազգը անուն առ անուն պետք է իմանա բոլոր այն մարդկանց, ովքեր ստորագրել են այս խայտառակ որոշման տակ», - ասաց Իվետա Տոնոյանը։