12/11/2020 10:23
Ռուսաստանն ու Թուրքիան կստեղծեն Ղարաբաղի հարցով մշտադիտարկման միասնական կենտրոն
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հուշագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող միասնական կենտրոն ստեղծելու մասին, նոյեմբերի 11-ի երեկոյան հաղորդել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
«Բանակցություններից հետո ստորագրվել է հուշագիր՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման համար միասնական կենտրոն ստեղծելու մասին», - ասել են ռազմական գերատեսչությունում:
Իր թուրք գործընկերոջ հետ զրույցում բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն նշել է, որ ռուս խաղաղապահների առկայությունը կապահովի կայունություն ճգնաժամային շրջանում, կդադարեցնի փախստականների հոսքերը և կնպաստի նրանց վերադարձին իրենց բնակության վայրեր: Կողմերի ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմին համապատասխանելը ամուր հիմք կհանդիսանա հակամարտության երկարատև կարգավորման համար:
«Միասնական կենտրոնը տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում, կհավաքի, կամփոփիւ և կստուգի հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ տեղեկատվությունը: Կենտրոնը կդառնա համաձայնագրերի խախտումների հետ կապված ցանկացած բողոք, հարց կամ խնդիր քննարկելու մարմին», - պարզաբանել է ՌԴ ՊՆ-ն: