12/11/2020 20:09
Այնտեղ կորցրել ենք, այստեղ ռազմական դրություն ես պաշտպանում. ո՞ր թշնամին է այստեղ ման գալիս. Ռուստամյան
Երկու աշխարհ ստեղծեցին, մեկը վիրտուալ աշխարհն է, որ ստեղծեցին, որտեղ մենք հաղթում էինք, և իրական աշխարհ, որտեղ մենք պարտվեցինք: Սրա մեղավորը Նիկոլն է, ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Դիմելով Արցախի նախագահին՝ Ռուստամյանն ասաց, որ նա ՍԴ 175 հոդվածը «աչքի լույսի» պես պետք է պահեր, որ Ղարաբաղը մնար:
«Շուշիում նամազ են հնչեցնում, վարձանները վխտում են այնտեղ, է՞տ էր մեր Շուշին», - բարձրաձայնեց նա:
Ադրադառնալով ռազմական դրության շարունակվելուն՝ Արմեն Ռուստամյանը նկատեց, որ այն ժողովրդին թշնամուց պաշտպանելու համար էր:
«Բայց հիմա այնտեղ կորցրել ենք, այստեղ ռազմական դրություն ես պաշտպանում, ո՞ր թշնամին է այստեղ ման գալիս», - ասաց նա:
ՀՅԴ ներկայացուցչի խոսքով՝ իրենց պայքարը կարող է երկարատև լինել, դրա համար պետք է պատրաստվել դրան. «Նա հոգեկան անհավասարակշիռ անձնավորություն է, այս ամենը կարող է չհասկանալ»:
Հանրահավաքը կշարունակվի վաղը՝ 16.00-ին, Ազատության հրապարակում: