13/11/2020 13:38
Իմքայլական Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանը կեսգիշերն անց գնացել են թիմակից պատգամավոր Վարդան Աթաբեկյանի տուն՝ համոզելու հետ կանգնել խմբակցությունից հեռանալու մտքից
Այս գիշեր արտառոց միջադեպ է տեղի ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանի` Պտղնիում գտնվող առանձնատանը:
Ինչպես պատգամավորը պատմեց Aysor.am-ի թղթակցին, առանձնատունն ազդանշանային համակարգ ունի, որը հեռախոսի միջոցով հնարավորություն է տալիս հսկել շրջակայքում տեղի ունեցող շարժը:
«Գիշերը ժամը 01:00-ին, երբ ես տանը չեմ եղել, եղել են միայն եղբայրս և ընկերներս, ազդանշանը միացել է: Ես նայել եմ, տեսել, որ առանձնատանս դիմաց 5 մեքենա է կանգնած և մոտ 10 հոգի դարպասներից ներս են նայում: Շտապ ոստիկանություն եմ զանգահարել, եղբորս և ընկերներիս հրահանգել եմ դուրս չգալ, որովհետև չեմ հասկանում` ինչի համար են այդ մարդիկ եկել:
Երբ ոստիկանությունը ժամանել է, եղբորս ասել եմ բացի դուռը: Բացել է և տեսել, որ այդ մարդկանց թվում իմքայլական պատգամավորներ Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանն են: Նրանք եղբորս ասել են, որ ուզում են ինձ տեսնել, խոսել, եղբայրս էլ ասել է, որ տանը չեմ: Մտել են ներս, համոզվել, որ տանը չեմ: Դրանից հետո ոստիկանությունն էլ, իրենք էլ գնացել են», - ասաց պատգամավորը` հավելելով, որ գիշերվանից հետո գործընկերներն իր հետ կապի դուրս գալու այլ փորձ չեն կատարել:
Վարդան Աթաբեկյանը նշեց, որ իր կարծիքով` գիշերով Պտղնի գնալու, իր հետ խոսել-համոզելու միջադեպն անմիջական առնչություն ունի ֆեյսբուքյան գրառման հետ, որով ինքը տեղեկացրել է, որ Արցախի հարցում համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ` որոշել է հեռանալ խմբակցությունից և գործել որպես անկախ պատգամավոր:
«Բայց իմ գործընկերները լավ գիտեն, որ ինձ համոզելը մի քիչ բարդ է: Առաջին դեպքը չէ, որ փորձում են համոզել հետ կանգնել որոշումիցս: Այլ մտերիմ գործընկեր պատգամավորներ ևս զանգահարել են ինձ, փորձել խոսել այս թեմայի շուրջ: Նրանք հասկացել են ինձ: Բայց ինչքան էլ ինձ բացատրեն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, չեմ կարող համաձայնել այդ պայմանների հետ, որովհետև ինքս բնիկ արցախցի եմ և այնտեղ շիրիմ ունեմ (հիշեցնենք, որ Վարդան Աթաբեկյանը Արցախյան առաջին պատերազմում հերոսաբար զոհված ազատամարտիկ Նելսոն Աթաբեկյանի որդին է` խմբ.): Ես նախընտրում եմ չընկալել այս իրավիճակը», - ասաց պատգամավորը:
Աթաբեկյանը շեշտեց` իրեն թվացել է, որ հարազատ խմբակցությունում ըմբռնումով կմոտենան իր որոշմանը, դրանից մեծ աղմուկ չեն բարձրացնի, սակայն իր ակնկալիքները չեն արդարացել:
«Եթե իմ քաղաքական թիմը ըմբռնումով մոտենար, հարցը հենց այդտեղ կփակվեր: Բայց իմ գրառմանը հետևեց 10 հոգանոց թիմով գիշերը ժամը մեկին իմ տուն գալու միջադեպը: Իմ համար դա տարօրինակ էր, իմ քաղաքական թիմից նման քայլ չէի սպասում: Հիմա Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանն իրենց արարքի համար մեծ նեգատիվ են վաստակել և երևի մտածում են` ոնց «տակից դուրս գան»: Իրենց արածը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում», - նշեց Վարդան Աթաբեկյանը` միաժամանակ հավելելով, որ իր հետ առայժմ չի փորձել կապվել նաև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Հարցին` ինքն անձնապես տեղյակ եղե՞լ է հարազատ խմբակցության` Արցախի հարցով նախօրեին տարածած հայտարարությանը, Աթաբեկյանը նշեց, որ քննարկմանը ներկա չի եղել, հետևապես տեքստին ևս ծանոթ չի եղել:
«Ինձ համար դա մի քիչ անորոշ տեքստ էր, հետո ես լրիվ ուրիշ հույս ունեի: Հույս ունեի, որ փրկօղակ ման կգանք կամ լուծման այլ տարբերակներ: Բայց երբ տեսա, որ տարբերակներ չկան և լռելով, փաստորեն, պատասխանատվություն եմ կիսում, որոշեցի խմբակցությունից դուրս գալ: Ես ամեն օր բարեկամներիս, մյուս գյուղացիների ճնշումների ներքո եմ, ովքեր զանգելով` ասում են, որ իրերը հավաքած` գալիս են: Մի տեսակ չես կարողանում բացատրել մարդկանց, քո քաղաքական վերլուծությունները նրանց չեն հետաքրքրում», - ասաց պատգամավորը` ընդգծելով, որ իր արարքը թիմակիցների կողմից չպետք է դավաճանական քայլ դիտարկվի, այլ զուտ բարոյահոգեբանական հարթությունում կայացված որոշում: