13/11/2020 11:13
ԵՄ-ն մարդասիրական օգնություն է խոստացել Հայաստանին և Ադրբեջանին
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հավաստիացրել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին խաղաղ բնակչության համար մարդասիրական օգնություն տրամադրելու Եվրամիության պատրաստակամության մասին, հինգշաբթի երեկոյան հայտնել են Եվրոպական արտաքին ծառայությունից:
Բորելը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսով քննարկել է հրադադարի մասին համաձայնագիրը: ԵՄ դիվանագիտության ղեկավարը հույս է հայտնել, որ ռազմական գործողությունների դադարեցումը հնարավորություն կտա ջանքեր գործադրել հակամարտության հուսալի խաղաղ կարգավորման ուղղությամբ և կանխել մարդկային հետագա տառապանքները:
«Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել հետագա մարդասիրական օգնություն՝ հակամարտությունից տուժած խաղաղ բնակչության կարիքները հոգալու համար, և արդեն իսկ տրամադրել է շուրջ 1 միլիոն եվրո շտապ օգնության համար», - ասված է հայտարարության մեջ: