13/11/2020 21:19
Ղարաբաղում օրեցօր մարդասիրական խնդիրն աճում է. Սերգեյ Շոյգու
Լեռնային Ղարաբաղում աճում են մարդասիրական խնդիրները, հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ղարաբաղի մարդասիրական հիմնախնդիրների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:
«Օրեցօր մարդասիրական խնդիրն աճում է», - հայտարարել է Շոյգուն:
Պաշտպանության նախարարի խոսքով՝ ի հայտ են գալիս այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են փախստականների տեղափոխումը և վերադարձը և այլ հումանիտար խնդիրներ:
Ռազմական տրանսպորտային ավիացիան երեք օրվա ընթացքում ավելի քան 1100 ռուս խաղաղապահ է տեղակայել Լեռնային Ղարաբաղ:
«Երեք օրվա ընթացքում թռչել է 73 ինքնաթիռ, տեղափոխվել է 1103 զինծառայող և 168 սարքավորում», - ասել է Շոյգուն:
Պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով սարքավորումների և նյութատեխնիկական միջոցերի փոխադրումը շարունակվում է «օրական 25 թռիչքով»:
Ռուսաստանի խաղաղապահ առաքելության դիտակետերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում կավարտվի շաբաթ օրը:
«Խաղաղապահների մեկ այլ ստորաբաժանում է տեղակայված Լեռնային Ղարաբաղի հյուսիսում: Վաղը մենք նախատեսում ենք ավարտել ութ դիրքի տեղադրումն այս գոտում », - նշել է Շոյգուն: