13/11/2020 16:49
Լկտի սուտ է, թե արտախորհրդարանական ուժերը պատերազմի ընթացքում տեղյակ են եղել նախապատրաստվող եռակողմ հայտարարության տեքստին. Շարմազանով
Պետության գլխին կանգնած մարդը պետք է մտածեր ոչ թե իր աթոռը պահելու, լայքեր հավաքելու, այլ պետության անվտանգությանը ծառայելու մասին: Այժմ նա պետք է հրաժարական տա, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Նա ի վիճակի չէ ապահովելու Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի անվտանգությունը: Նա գիշերային ծածուկ պայմանագիր ստորագրեց, 44 օր խաբեց ժողովրդին, թե հաղթելու ենք: Ամեն օրը ձգելով՝ հասել ենք նրան, որ կապիտուլյացիայի ակտ է ստորագրել: Այսօր զոհասեղանին դրված է Հայաստանի, Սյունիքի ճակատագիրը: Մեր պայքարը մեկն է՝ Փաշինյանը պետք է անցնցում, կամավոր հեռանա: Մեզ պետք է համերաշխ Հայաստան», - ասաց Շարմազանովը:
Նա միաժամանակ լկտի սուտ որակեց տեղեկությունները, թե արտախորհրդարանական ուժերը պատերազմի ընթացքում տեղյակ են եղել նախապատրաստվող եռակողմ հայտարարության տեքստին:
«Մեր հանդիպումների ժամանակ ասել ենք, որ պետք է կանգնեցնել պատերազմը, դիմել մեր ռազմավարական դաշնակցին, բայց որևէ կոնկրետ պատասխան չենք ստացել: Միայն ասել են՝ հաղթելու ենք: Մենք մեր մտահոգություններն ասել ենք, մեր խիղճը մաքուր է», - ասաց ՀՀԿ գործիչը: