13/11/2020 12:43
Արցախից Հայաստան եկած մարդկանց խնդիրները շատ են՝ սկսած կեցությունից, սննդից, տաք հագուստից. Օպերատիվ շտաբի համակարգող
Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի հիմնական հարցը ՀՀ ժամանակավորապես տեղափոխված ԱՀ քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգումն է, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց շտաբի համակարգող, ԱՀ աշխատանքի և սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Միրաբյանը:
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղակայված է Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում։
«Այս ժամանակահատվածում շտաբը կարողացել է կարգավորել սոցիալական, իրավական, առողջապահական, կրթական մի շարք խնդիրներ։ Մարդկանց խնդիրները շատ են՝ սկսած կեցությունից, սննդից, տաք հագուստից։ Օրվա կտրվածքով օպերատիվ շտաբում գրանցվում է 300-ից ավելի մարդկանց ներկայություն, զանգերը՝ հազարավոր են», - ասաց Վիրաբյանը։
Դիտարկմանը, թե Արցախից եկած քաղաքացիները փաստաթղթերի խնդիր ունեն, ինչպիսի՞ աջակցություն է ցուցաբերվում, որպեսզի այդ հարցերը կարգավորվեն, նա ասաց.
«Երևանի Վարդանանց 16/1 հասցեում ունի իրավական ծառայությունների մատուցման գրասենյակ, որտեղ տրվում են պարզաբանումներ և օգնում են համապատասխան փաստաթղթերի ձևակերպման խնդիրներով։ Այդ ամենը կատարվում է պարզեցված համակարգով»:
Շտաբի համակարգողն ասաց, որ իր խնդրանքով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ եկել են պայմանավորվածության, որ ՀՀ ամբողջ տարածքում սոցիալական ապահովության տարածքային բաժինները բացվել են նաև Արցախի Հանրապետության քաղաքացիների համար։