15/11/2020 16:29
Մեղադրանքն ապօրինի է, բովանդակությունը՝ անհասկանալի, մեղադրանքի էությունը չի պարզաբանվել. Պաշտպանը՝ Վանեցյանի գործի մասին
Արթուր Վանեցյանը երեկ ձերբակալվել է ապօրինի, լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Լուսինե Սահակյանը՝ տեղեկացնելով, որ բողոք են ներկայացրել դատարան՝ վիճակելով ձերբակալման իրավաչափությունը:
«Նախաքննական մարմինը, գիտակցելով, որ ձերբակալումն ապօրինի է, այսօր մեղադրանք է առաջադրել՝ կրկին ապօրինի, իբրև թե իշխանության յուրացման և Փաշինյանի սպանության նախապատրաստության համար: Մեղադրանքն ապօրինի է, բովանդակությունը՝ անհասկանալի, մեղադրանքի էությունը չի պարզաբանվել: Վանեցյանը, բնականաբար, իրեն մեղավոր չի ճանաչել: Պահանջել ենք առերեսում անել բոլոր նրանց հետ, ովքեր հնարավոր է՝ վկայած լինեն իր դեմ, բացահայտել հիմք հանդիսացող ապացույցները, որպեսզի կարողանանք մեր փաստարկները ներկայացնել: Մենք չենք պատկերացնում՝ ինչի մասին է խոսքը», - ասաց Սահակյանը:
Փաստաբանները ԱԱԾ կողմից հրապարակված խոսակցության մասով պահանջել են բացահայտել՝ ովքեր են խոսող անձինք, նաև նրանց հետ առերեսում կազմակերպել:
«Մինչ այս պահը որևէ ապացույց չի ներկայացվել, առերեսումներ չեն կատարվել: Ձայնագրությունների մասին մենք մամուլից ենք տեղեկացել», - մանրամասնեց փաստաբանը:
Սահակյանը Վանեցյանի դեմ ներկայացված մեղադրանքը որակեց քաղաքական հետապնդում:
Հիշեցնենք, որ դատարանը քննում է Արթուր Վանեցյանին ձերբակալելու որոշման իրավաչափության հարցը: